ԿԱՆՈՆԱԳԻՐ

Աննա Կոստանյան 2.07.2023 - 00:00
ԿԱՆՈՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԳԻՐ

Մենք՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս,

1 կարեւորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ ընդգծելով տեղեկացնելու ԶԼՄ-ների պարտականությունը,
2 գիտակցելով մասնագիտական եւ բարոյական հնարավորինս բարձր չափանիշների հետեւելու եւ դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, միաժամանակ՝ չբացառելով լրագրողների՝ բարոյական ընտրության իրավունքը,
3 ընդգծելով խմբագրական անկախության պաշտպանության եւ հանրային շահին հակասող որեւէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու անհրաժեշտությունը,
4 ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի եւ միմյանց առջեւ,
5 արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է եւ հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները, ընդունում ենք հետեւյալ սկզբունքներն ու դրանցից բխող պարտավորությունները:
1. Ճշգրտություն եւ անկողմնակալություն
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
1.1. մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղե-կությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապա-րակել ակնհայտ կեղծ տեղեկություններ,
1.2. հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտա-գործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը,
1.3. հստակ սահմանազատել փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից, Ինքնակար-գավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
1.4. վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա,
1.5. ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս,
1.6. չաղավաղել լուսանկարային կամ տեսագրված նյութի բովանդակությունը, լուսանկարներում եւ տեսանյութերում տեխնիկական հնարքներ կիրառելու եւ միջամտությունների դեպքում անպայման նշել այդ մասին:
2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
2.1. հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները,
2.2. հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն,
2.3. խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ եւ գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի եւ հիմնավորվի բուն հրապարակման մեջ,
2.4. հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ եւ արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները,
2.5. չչարաշահել լրագրողների եւ լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցող անձանց դյուրահավատությունը,
2.6. հարգել հարցազրույց տվողի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ համահեղինակի, իրավունքները: Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
3. Խմբագրական անկախություն
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
3.1. հստակ սահմանազատել լրագրողական նյութերը գովազդից. յուրաքանչյուր հրապարակում, որի դիմաց վճարվել է, պետք է այդ մասին նշում ունենա: Նույն կերպ մակնշել նաեւ հանրային կապերի (PR) ծառայություններից եւ կազմակերպություններից ստացված նյութերը,
3.2. խմբագրական լուսաբանումներում գովազդատուներին ու հովանավորներին արտոնություններ չտալ,
3.3. դիմակայել իրադարձությունների լուսաբանման վրա ազդելու նպատակով գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ սեփականատերերի գործադրած ճնշումներին: Այն դեպքում, երբ նման ճնշումը սպառնում է վերածվել հանրային մարտահրավերի, հրապարակային դարձնել իրավիճակը՝ դիմելով լրագրողների եւ հանրության աջակցությանը,
3.4. հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար զանազան պարգեւատրումներից, նվերներից, ինչպես նաեւ ծախսերի փոխհատուցումներից, անվճար հանգստից, այլ արտոնություններից, որոնք կախյալ են դարձնում լրագրողի գործունեությունը, վնասում են նրա բարի համբավին, հանգեցնում են խմբագրության նկատմամբ վստահության կորստի,
3.5. սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները եւ հետեւել դրանց պահպանմանը:
4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
4.1. պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ: Բացառապես հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը, Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
4.2. այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը, եւ պատասխանատվություն է կրում իր վճռի համար
4.3. առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս,
4.4. երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով,
4.5. երեխաներից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ՝ ստանալ երեխայի եւ նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր եւ անպայման երեխային հասկանալի լեզվովֈ Համաձայնությունը պետք լինի կամավոր, եւ բացառվի պարտադրանքի որեւէ ձեւֈ Երեխան եւ նրա համար պատասխանատու անձը պետք է պարզորոշ հասկանան, որ իրենք խոսում են լրագրողի հետ, ով մտադիր է տվյալ նյութը տարածել լրատվամիջոցովֈ Ձգտել, որ հարցազրույցի ընթացքում երեխային հոգեկան ցավ չպատճառվի, չստիպել նրան՝ կրկին վերապրել իր կրած տառապանքներն ու ցավը, կորուստները եւ իր կյանքի այլ ծանր պահերը, ասել կամ անել բաներ, որոնք հարկավոր են միայն տպավորիչ պատկեր ստանալու կամ ազդեցիկ ռեպորտաժ պատրաստելու համար,
4.6. առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ինչպես նաեւ ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ,
4.7. պահպանել անմեղության կանխավարկածը. մինչեւ դատաքննությունը հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջեւ:
5. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են` Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
5.1. խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով,
5.2. որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը,
5.3. որեւէ ձեւով չքարոզել պոռնոգրաֆիա, բռնություն, պատերազմ, ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների հերքում,
5.4. զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները եւ հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների` որպես տեղեկատվության աղբյուրների նկատմամբ, խուսափել պատանդների եւ հնարավոր զոհերի հարազատների եւ ընկերների բացահայտումից` առանց իրենց համաձայնության:
6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում
Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
6.1. աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից,
6.2. պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռելու բոլոր նրանց, ում հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում,
6.3. ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք,
6.4. քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության: Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր