Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ևս մեկ անգամ կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում երկխոսության միջոցով լուծել բոլոր հակասությունները։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային համարում է բարեկամ երկրներ, որոնց հետ սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր ունի։
«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը մեզ անկեղծ ցավ է պատճառում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Կիևի պայքարին տարածքային ամբողջականության պաշտպանության համար, ինչի մասին նա այսօր հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա հակասում է միջազգային իրավունքին և լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել Թուրքիայի քաղաքացիների, եղբայրական Ղրիմի թաթարների և Ուկրաինայում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։