Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։
Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։ Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։