ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք որակելով կեղծ:
Նա Ջո Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։ «Մենք չենք կարող ներել Թուրքիային ուղղված նման մեղադրանքները: Նախ պարոն Բայդենը պետք է շատ լավ սովորի և իմանա հայերի հետ եղած պատմությունը։ Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրող այս կեղծավորությունից ամենամեծ վնասը հայերն են կրում»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հպարտանում է իր պատմության ամեն մի օրով. այնտեղ ամոթալի դեպք հնարավոր չէ գտնել: Ավելին՝ նա հայերին մեղադրել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբելու և մուսուլման բնակչության վրա հարձակվելու համար:
«Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի համար վշտակցություն և ցավակցություն հայտնելը մարդկային պարտք ենք համարում»,- հավել է Թուրքիայի ղեկավարը:
Առանց անուն նշելու՝ Էրդողանն անդրադարձել է նաև Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական խորհրդարան ներկայացրած օրինագծին։ Նա այդ քայլը որակել է «հանդգնություն» և «դավաճանություն»։