Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի բաժնեմասի վրա կալանք է դրվել

Աստղիկ Խաչատրյան 30.11.2021 - 16:00
30.11.2021 - 16:00 դիտում

Նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից։

«Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է:

«ԱՄՓ հոլդինգի» բաժնետերեր են հանդիսանում պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը, որը կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանի որդին է։

Դատական տեղեկատվական համակարգում ու ռեգիստրում տեղեկություններ չկան, թե ինչ գործի շրջանակում է ընկերությունների բաժնեմասերի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրրառվել։ «Զագեզուր մայնինգի» շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը «Լուրերին» ասաց, որ տեղեկություններ չունի կալանքի որոշման մասին. «Ենթադրում եմ՝ հայցի ապահովում է ինչ-որ գործով, կարծում եմ՝ ավելի ուշ կիմանանք, «Դատալեքս» հարթակում դեռևս տեղեկություններ չկան, 99 տոկոս հավանականությամբ սա մեր դեմ նոր դատական գործընթացի արդյունքում է եղել, մնացածի վերաբերյալ գաղափար չունեմ… Դատի են տվել, պահանջել հայցի ապահովում կիրառել, որն ըստ էության կիրառվել է»,- փոխանցեց Օրբելյանը։ Վերջինիս կարծիքով՝ «Զանգեզուր մայնինգի» արգելանքը կարող է կապված լինել կամ որոշ գործարքների վիճարկման հետ, կամ որևէ հատուցման պահանջի հետ։

Մինչ «Զանգեզուր մայնինգի» ու «ԱՄՓ հոլդինգի» բաժնեմասերի վրա այս կալանքը, դատարանի որոշմամբ արգելանք էր դրվել նաև սեպտեմբերի 30-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը ձեռք բերած «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության վրա, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Տրոցենկոյի բաժնեմասի վրա արգելանք դրվել էր Զուրաբովի պահանջով. նա անօրինական էր համարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից բաժնետոմսերի ձեռքբերումն ու դրա 15 տոկոսի փոխանցումը կառավարությանը։ Դատական այս հայցի շրջանակում էր, որ արգելանք դրվեց Տրոցենկոյի բաժնեմասի վրա։ Ըստ էության, ներկայում տարբեր դատական հայցերի արդյունքում կալանքի տակ է կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսը։

«Զանգեզուր մայնինգը» ցանկանում է ներդրումներ անել, հետաքրքրված է գործունեության ընդլայնմամբ»,- վստահեցնում է Օրբելյանը։ Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերման օրինականությունը ներկայում վիճարկվում է դատարանում։ «Զանգեզուր մայնինգը» պնդում է, որ կոմբինատի կողմից բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում նախևառաջ իրենց պիտի առաջարկվեր գնել դրանք։ Նշված ընթացակարգը չի պահպանվել, և ներկայում «Զանգեզուր մայնինգը» պահանջում է այդ բաժնետոմսերն օտարել իրեն։

Վերջերս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստր է ներկայացրել իրական սեփականատերերի հայտարարագիր։ Ըստ դրա՝ Ռոման Տրոցենկոն ընկերությունում ունի 32.4 տոկոս բաժնեմաս, կոմբինատի 15 տոկոսը պատկանում է կառավարության աշխատակազմին, 12.4 տոկոսը՝ Միխայիլ Զուրաբովին։ 8.1 տոկոս բաժնեմաս ունի Միրզաազիզ Մուսախանովը, 4.5 տոկոս՝ Ռոման Խուդոլին. ըստ էության վերջիններս փոխկապակցված են Տրոցենկոյի հետ ու նրա տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Կոմբինատի 7.5 տոկոսի սեփականատերը Մհեր Պոլոսկովն է, 2.5-ական տոկոսներ էլ ունեն Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ