Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:
Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ կտրվածքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց. «Այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: Բայց եթե ընտանիքը «Փարոս» համակարգում ընդգրկվել է, և հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում ազդում է դրա վրա, այսինքն՝ մարդը «Փարոս»-ից զրկվում է: Մնացած բոլոր դեպքերում որևէ այլ լրացուցիչ վճարի վրա չի ազդում»: