ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:
Քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:
Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։
Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ շան կծածով 4 երեխա տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: