ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:
«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները: