Հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից. բուժօգնության էր տեղափոխվել Թեղուտ գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հաջողվեց միայն պարզել, որ ախտորոշվել են կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր, իսկ երիտասարդը վնասվածքները ստացել է իրենց գյուղում:
Դիլիջանի քրեական հետախույզներն անցան գործի, սակայն շուտով պարզ դարձավ, որ հանցագործությունը բացահայտելու համար անհրաժեշտ է համագործակցված աշխատանք:
Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված միջոցառումներին մասնակցեցին նաև Տավուշի մարզային վարչության, Սևանի և Կոտայքի բաժինների գործընկերները: Պարզվեց, որ հուլիսի 6-ին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերի բնակիչ, 20-23 տարեկան մի խումբ երիտասարդներ գնացել են Թեղուտ գյուղի մի հյուրատուն` նշելու ընկերոջ ծնունդը: Ժամը 22.30-ի սահմաններում, բարձր երաժշտության հետ կապված, միջոցառման մասնակիցների և Թեղուտի բնակիչ երիտասարդի ու 15-ամյա պատանու միջև ծագել է վեճ, որն ունեցել է զարգացում և ավարտվել դանակահարությամբ: Տոնախմբության մասնակիցներից մեկը` Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա երիտասարդը, իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է 23-ամյա թեղուտցուն:
Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ին վեճի մասնակից երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել ու, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վեճի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: