Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Աննա Կոստանյան 26.04.2024 - 12:13
26.04.2024 - 12:13 դիտում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը, դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բարեղամ Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին:

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Զապլիտնիին:

Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը, դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարել է իռլանդացի Սվինի Շանոյի հետ՝ զիջելով մրցակցին: Քառորդ եզրափակչում Անուշն ավելի վաղ մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակչում մենամարտել է ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ և զիջել մրցակցին:

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կիսաեզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էդուարդ Սավինի հետ և զիջել մրցակցին՝ բավարարվելով բրոնզե մեդալով: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել լեհ Յակուբ Կրժպյեդի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Կանոնիկո Զուզեպեիհետին:

60 կգ քաշային Արթուր Սահակյանը եզրափակչի ուղեգրի համար պայքարել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Ռոսենովի հետ, սակայն զիջել է մրցակցին։ Սահակյանը 1/8 եզրափակչում մենամարտել էր Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ:

67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել նաև Արարատ Հարությունյանը՝ կիսաեզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Տարխան Իդիգովին: Որակավորման փուլում Հարությունյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել լեհ Մատեուս Գրեժբերին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչի նկատմամբ:

Նշենք՝ Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության մենամարտերը սպասարկում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ