Իտալիայի Սարդինիա կղզում կայացած շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում մեր ներկայացուցիչները համեստ արդյունքներ գրանցեցին:
Տղաների մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և բաժանեց 6-11-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ գործակիցներով նա ճանաչվեց 10-րդը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց ադրբեջանցի Աբդուլա Ղադիմբայլին, որը մեր շախմատիստից ընդամենը կես միավոր շատ վաստակեց և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Այս մրցաշարում հանդես եկած մեր երկրորդ շախմատիստը՝ Արմեն Ա.Բարսեղյանը, 6,5 միավորով գրավեց 27-րդ տեղը:
Կանանց մրցաշարին մասնակցած Մարիամ Մկրտչյանը, որը մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնն է, անհաջող անցկացրեց առաջնության վերջնամասը և 2,5 միավոր կորցրեց վերջին երեք տուրերում:
Արդյունքում, նա 6,5 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը: Այս մրցաշարում հաղթեց ադրբեջանուհի Գոհվար Բայդուլաևան, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպես 8,5 միավոր վաստակած Ասսել Սերիկբայից: