Կարևոր է լսել, թե այսօր երևանցիներն ինչ են ասում, և արձանագրել այն արդյունքները, որ երևանցիներն իրենց ընտրություններով կարձանագրեն: Այդ մասին Կենտրոն վարչական շրջանի 9/53 տեղամասում իր ընտրելու իրավունքն իրացնելուց հետո ասաց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ քվեարկել է հանուն Երևանի շարունակական զարգացման:
Ավինյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանեց նաև մեկ հասցեում տասնյակ քաղաքացիների գրանցման վերաբերյալ դեպքերին:
«Որևէ տրամաբանություն չկա մեզ մեղադրելու, որովհետև, կարծում եմ, կկարողանանք ընտրությունների վերջում գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության: Դա մեզ հետ որևէ կապ չունի:
Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առուվաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանը չբացառեց, որ կարող են լինել անճշտություններ, բայց ընտրությունների ավարտից հետո հնարավոր է ճշտել՝ այդ մարդիկ գնացե՞լ են ընտրության, թե՞ չեն գնացել:
Անդրադառնալով քարոզարշավի շրջանակում վարչական ռեսուրսի օգտագործման հարցին՝ Ավինյանը նկատեց. «Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական ռեսուրսի կիրառումը կամ այդ մարդկանց՝ հավաքներին բերելը որևէ տրամաբանություն չունի: Եվ խնդրում եմ, ժողովո՛ւրդ ջան, գոնե մեղադրանքների տրամաբանությունը, այդ տրամաբանական շղթան մի տեղ չկորցնենք»:
Տիգրան Ավինյանը ընտրությունների կազմակերպման մասով շատ մեղադրանքներ անհիմն համարեց:
«Անընդհատ խոսում ենք վարչական ռեսուրսի կիրառումից: Ժողովո՛ւրդ ջան, եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք և այս տարվա մասնակցության արդյունքները նայենք: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառենք, ձեր կարծիքով՝ ժամը 11:00-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞ (խոսքը ընտրություններին մասնակիցների թվի մասին է – խմբ.): Իհարկե, կունենայինք: Բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են»,- ասաց Ավինյանը: