Այսօր աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը

23.03.2024 - 14:28 դիտում
Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
1961 թվականից սկսած յուրաքանչյուր տարի մարտի 23-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) նշում է 1950 թվականի մարտի 23-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ստեղծման մասին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։
Այն նշվում է ամբողջ աշխարհում՝ ընդգծելով Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների անգնահատելի դերը հասարակության անվտանգության և բարեկեցության գործում: Օդերևութաբանության համաշխարհային օրվա համար ընտրված թեմաները ամեն տարի տարբեր են և արտացոլում են եղանակին, կլիմային կամ ջրին առնչվող արդիական խնդիրները։
Այս տարի Օդերևութաբանության համաշխարհային օրը կրում է «Կլիմայական գործողությունների առաջնագծում» խորագիրը։
Այսօր մենք կանգնած ենք մեր մոլորակի պատմության կարևորագույն մարտահրավերներից մեկի առաջ:
Կլիմայի փոփոխությունը պարզապես հեռավոր սպառնալիք չէ. այն ներկա իրականություն է, որի ազդեցությունը տեսանելի է աշխարհի բոլոր անկյուններում՝ մեր կյանքի, էկոհամակարգերի և տնտեսությունների վրա: Առաջադեմ եղանակի կանխատեսումներով, կլիմայական ծառայություններով և վաղ նախազգուշացման համակարգերով ՀՕԿ-ն օգնում է պահպանել կյանքեր և աջակցել կայուն զարգացմանը ողջ աշխարհում:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման 13-րդ նպատակը մեզ պարտավորեցնում է անհետաձգելի գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարելու հարցում: Այս նպատակին հասնելու առաջընթացը հիմք է հանդիսանում Կայուն զարգացման մյուս նպատակների իրագործման համար:
ՀՕԿ-ի ներդրումը կլիմայական գործողությունների և Կայուն զարգացման նպատակների իրագործման մեջ հսկայական է: ՀՕԿ-ը, նրա անդամ երկրները և գործընկերները ապահովում են գիտությունից մինչև ծառայությունների մատուցում գործողությունների ամբողջական ցիկլը:
ՀՕԿ-ը մշտադիտարկման է ենթարկում կլիման և ջրային ռեսուրսները, տեղեկատվություն է տրամադրում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ, աջակցում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և այլն։
ՀՕԿ-ի աշխատանքը վերաբերում է հասարակության բարեկեցությանն առնչվող բոլոր հարցերին՝ սկսած սովի և աղքատության նվազեցումից մինչև առողջության բարելավում, մաքուր ջրի ապահովումից մինչև դիմակայունություն:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առաքելությունն է՝ լինել կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում՝ ապագա սերունդների համար ավելի ապահով և դիմացկուն աշխարհի ընդհանուր տեսլականին հասնելու համար։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ