Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Աննա Կոստանյան 13.01.2023 - 13:32
13.01.2023 - 13:32 դիտում

Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների:

Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին:

«Մենք շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է:

Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև վերականգնվեն էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապը: Ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ