Ալիևի հայտարարություններն արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը. ՀՀ ԱԳՆ

24.12.2022 - 21:40 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ, որում ասված է.

«Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:

Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:

Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ