Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին:
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ ծանոթության համար, նշել է, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն` հավելելով, որ փոխայցերը շարունակական կլինեն: Նա իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երեւան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երեւանում հյուրընկալած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ արդյունավետ քննարկումներ են եղել, եւ դրանց շարունակական բնույթը երկու խորհրդարանների համար համատեղ ծրագրերի իրականացման կարեւոր հիմք է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հիշատակել է օրերս Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նա նշել է, որ նիստից հետո Իրանի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովում, եւ հնարավորություն է ընձեռվել քննարկելու երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային եւ ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տեւական խաղաղության հաստատումը:
Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը:
Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն Ղալիբաֆ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ իմ գործընկերոջը եւ լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության եւ արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:
Բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում նախագահ Ղալիբաֆի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի եւ միջխորհրդարանական սերտ կապերի առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության եւ դրացիության վրա, երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել բոլոր ուղղություններով մեր գործընկերությունը խորացնելու առնչությամբ:
Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային եւ դրա հետեւանքներին:
Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների պահպանումը:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:
Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարեւոր թեմաներից էին նաեւ տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: Մեծարգո պարոն նախագահի հետ խոսել ենք նաեւ տնտեսական մեր համատեղ ծրագրերը շարունակելու եւ ավարտին հասցնելու վերաբերյալ:
Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախագահը եւս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք եւ գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները եւ խորացնելու դրանք:
Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախագահ, եւ սիրով սպասում եմ Ձեզ Երեւանում: Շնորհակալություն»,-խոսքը եզրափակել է Ալեն Սիմոնյանը: