Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

Աննա Կոստանյան 30.03.2023 - 11:35
30.03.2023 - 11:35 դիտում

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է․ «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման կետը և զբաղեցրել 20/54 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ։

Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության՝ ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը՝ ԼՂ-ի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ 20/54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։

«Ադրբեջանը սա բացատրում է, իբր թե, Հայաստանից ԼՂ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է:

Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է։ Հարկ եմ համարում կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը, հիշեցնեմ, Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է»,- ասաց վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ