Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները կառուցողական անվանել հնարավոր չէ. Վարդան Սարգսյան

Աստղիկ Խաչատրյան 28.07.2023 - 21:30
28.07.2023 - 21:30 դիտում

ԼՂ համար նախատեսված հումանիտար բեռը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ բեռնատարները կանգնած են, տեղաշարժ չկա, տեսանելի հեռավորության վրա Լաչինի փակ միջանցքն է: Դիվանագետներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչների` Կոռնիձոր այցն, ըստ Սարգսյանի, լավ հնարավորություն էր, որ նրանք ականատես լինեն` չնայած պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռնատարների և մարդկանց տեղաշարժի համար, այն փաստացի փակ է:

Սարգսյանի խոսքով` այս այցը կնպաստի, որ միջազգային գործընկերները իրավիճակն արդեն շատ ավելի լավ և հանգամանալից պատկերացնեն:

«Մեր հիմնական նպատակը մնում է նույնը, հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով մեր ջանքերը շարունակական են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի, և այս ամենը կնպաստի հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու հարցին»,- ասաց նա:

Արդյոք Ադրբեջանից արձագանք եղավ. այս հարցին Սարգսյանը պատասխանեց.

«Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները որևէ կերպ «կառուցողական» անվանել հնարավոր չէ, հաճախ դրանք կրում են սադրիչ բնույթ, և այն մեղադրանքները, որ հայկական կողմն է դիմում սադրանքի` հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու գործընթացում, ըւստ երևույթին, հակառակ կերպ կարելի է ընկալել, որովհետև մեր կողմից իրականացվող բացառապես հումանիտար գործընթացը հանդիպում է սադրիչ և ոչ կառուցողական արձագանքի հենց Ադրբեջանի կողմից»,- ասաց նա` հավելելով, թե պատասխանները հիմնականում ոչ կառուցողական են:

Ռուսական կողմի արձագանքներին անդրադառնալով` Սարգսյանը նշեց.

«Ինչպես գիտեք, ռուսական կողմից բազմիցս արդեն նշված մեր սահմանված կարգով դիմումի արձագանքի սպասումն է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ