X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1988–ի երկրաշարժի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրը 2018-ին ևս չի լուծվի. Շիրակի մարզպետ.Tert.am


* 6-01-2018, 23:36 | Բաժին: Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1312 անգամ


1988–ի երկրաշարժի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրը 2018-ին ևս չի լուծվի. Շիրակի մարզպետ.Tert.amTert.am:2018թ. լրանում է Սպիտակի երկրաշարժի 30 տարին, սակայն դեռևս պարզ չէ տնակային ավաններում բնակվողների ապագան: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 3 տասնամյակ անց տնակային ավաններում ապրում է 2414 ընտանիք և իրատեսական չէ, որ այդ 2414 ընտանիքներին 2018 թ. ընթացքում բնակարան կտրվի:

«Դեռ հստակ չէ, թե այդ 2414-ից քանիսն են, որ որևէ առնչություն են ունեցել Գյումրիի հետ մինչև երկրաշարժը: Պետք է հատ-հատ, մանրադիտակով ստուգել, թե քանիսն են, որ պետք է փոխհատուցվեն և քանիսն են, որ իրենց բնակարանը վաճառել են և վերադարձել են տնակ: Այն մարդիկ, ովքեր իրոք երկրաշարժի հետևանքով զրկվել են բնակարաններից և ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել բնակարանների տրամադրման ծրագրերում, այդ մարդկանց հարցը պետք է կարողանանք առաջիկա տարիների ընթացքում լուծել»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի 12 տարվա վերլուծության համաձայն 600-700 ընտանիքի բնակարանի խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Վահան Թումասյանի խոսքով՝ տնակային ավաններում, նախկին գործարանային հանրակացարանում և կիսախարխուլ շենքերում ապրում է մոտ 2400 ընտանիք՝ 8000-8500 մարդ, իսկ 600-700-ը ուղղակի երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել, բայց չեն փոխհատուցվել հիմնականում երկու պատճառով: Առաջինը, որ փաստաթղթերը չեն կարողացել սահմանված ժամկետում հանձնել, և երկրորդը՝ 30 տարվա ընթացքում ընտանիքները մեծացել են:

«30 տարի է անցել, և եղբայրները առանձին ընտանիքներ են կազմել, իսկ օրենքը նախատեսում է՝ երկրաշարժի ժամանակ քանի սենյականոց կորցրել ես, այդքան էլ պետք է ստանաս: Օրինակ՝ պապս կամ հայրս իր եղբոր հետ 30 տարի առաջ նույն տանն է ապրել, կորցրել են տունը, հիմա նրանց ընտանիքները նույն տանը չեն կարող ապրել: Այս պատճառով շատերին բնակարան չի հասել»,- ընդգծեց Վահան Թումասյանը:

Շիրակի մարզպետը նշում է, որ եթե իսկապես կա 600-700 ընտանիք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել բնակարան ստանալ, այդ դեպքում պետական պատասխանատվությունը մնում է և պետք է այդ ընտանիքների խնդիրը լուծել: Բայց, ըստ մարզպետի՝ այդ 600-700 ընտանիքի բնակարանի հարցը 2018թ. ընթացքում լուծելը նույնպես հավանական չէ:

«Եթե իրոք 600 հոգի կա, պետք է հստակ հասկանանք, թե ինչն է եղել պատճառը, որ մարդիկ տուն չեն ստացել: Այդ 600 հոգուն կասկածելի թիվ է, նրանք պետք է ապացուցեն, որ իրավունք ունեն օգտվել բնակարանի ծրագրից: Երկրորդ՝ ակնկալել, որ 600 հոգու մեկ տարվա ընթացքում բնակարան կտրվի, դա իրատեսական չէ»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է փաստաթղթերը սահմանված ժամկետում չհանձնելուն, Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք այս տարի երկու դատական նախադեպ ունեցանք, ովքեր դատարան դիմեցին և այդ բաց թողնված ժամանակը համարվեց հարգելի: Հիմա ովքեր չեն հասցրել գրանցվել, կարող է նրանց խնդիրը լուծել»:

Հարցին, թե աղետի գոտին 30 տարում չվերականգնելը նորմա՞լ է, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Բնակարանային ֆոնդը, որ քանդվել է, կառուցվել է սովետական 70 տարիների ընթացքում, ինչպես նաև հեղափոխությունից առաջ: Այսինքն՝ 100 տարվա ընթացքում կառուցված բնակարանային ֆոնդը միայն 30 տարում պետության կողմից կառուցելը, որը պատերազմական վիճակում է, շրջափակման մեջ է, որը, ի դեպ, ավելի շատ բնակարան է կառուցել, քան թե քանդվել է երկրաշարժի ընթացքում: Ձեր հարցին փորձեք այս տվյալների լույսի ներքո պատասխանել»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը նաև հայտնեց, որ 2400 ընտանիքից մոտ 600-700-ն էլ բնակարանը կորցրել և ստացել է, սակայն ընտանիքը կիսվել է՝ մի մասը նոր բնակարան է գնացել և կորցրել է անօթևանի կարգավիճակը, իսկ մյուսը մասը շարունակում է տնակներում ապրել: Ըստ նրա՝ մոտ 100 ընտանիք էլ երկրաշարժի ժամանակ ոչ թե բնակարան են կորցրել, այլ սեփական տուն, իսկ սեփական տուն կորցրածներին դեռ չեն փոխհատուցում: Այս տարիների ընթացքում փոխհատուցել են միայն պետական բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքներին:

«Խնդիրը չլուծելով այնքան բարդություններ են եղել, որ ամբողջովին անօթևանության խնդիրը լուծել ես անկեղծ ասած չեմ հավատում, թեև շատ եմ ցանկանում: Այս տարի որոշակի ուշադրություն կսևեռվի աղետի գոտուն, բայց հիմա արդեն այդ ընտանիքների սոցիալական վիճակը փոխելը միայն բնակարան տրամադրելով հնարավոր չի լինի: Տնակային ավաններում այնպիսի ծայրահեղ աղքատություն է, որ միայն բնակարանային հարցը լուծելով չի լինի, այդտեղ պետք է նաև աշխատատեղեր, կրթական և մշակութային հաստատություններ ստեղծվեն և այլն»,- ասաց նա:

Վահան Թումասյանի կարծիքով՝ եթե այնպիսի քաղաքականություն վարվի, ինչպիսին այսօր է, ապա տարիներ շարունակ լինելու է այն վիճակը, որը կա: Ըստ նրա՝ միայն տեղական ուժերով աղետի գոտու վերականգնման խնդիրը չի կարող լուծվել, պետք է համայն հայության ուժերը մոբիլիզացնել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (204)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS