X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը


* 11-08-2014, 12:06 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1015 անգամ


Նախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Armnewstv.am: Սոչիում, կիրակի «Բոչարով ռուչեյ» կեցավայրում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2013 թ.-ի նոյեմբերի 19-ին` Վիեննայում: Դրանից հետո որևէ երկկողմ կամ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել: «Բոչարով ռուչեյ»-ում կողմերը քննարկեցին ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիները և վերջին օրերին Ադրբեջանի հրահրած սահմանային դիվերսիաներն ու փոխհրաձգությունները` ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Իր ներածական խոսքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց երկու նախագահներին` հրավերը չմերժելու և այս հանդիպումը կազմակեպելու համար: Վլադիմիր Պուտինը նկատեց` Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պահպանել միջազգային ձևաչափով` նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ասաց, որ այս եռակողմ հանդիպումները ընդամենը առիթ են աջակցելու և նոր լիցք հաղորդելու եռակողմ հանդիպումներին` հաշվի առնելով երեք երկրների յուրահատուկ հարաբերությունները, որոնք ձևավորվել են դեռևս Խորհրդային միության տարիներից:

«Երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում ունեցանք: Իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերով` կապված տարածաշրջանային կարգավորման հետ: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Ամեն դեպքում օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար»,-ասաց Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն հայտնեց Պուտինին` անձնական մասնակցության և եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար և խոսեց սահմանային վերջին միջադեպերից, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման իրավական լուծումներից` հիշատակելով ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերը: Իր խոսքը Իլհամ Ալիևը ավարտեց հույսով, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով և խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի գտնել լուծում:

«Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը` ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը` որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»,-ասաց Իլհամ Ալիևը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում խոսեց ամենացավոտ խնդրի մասին, թե ինչպես պետք է կարգավորել ԼՂՀ հակամարտությունը: Ի վերջո, պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով: Նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ 90-ականներին պատերազմի միջոցով արդեն փորձել են հարցը կարգավորել և ի վերջո եկել են եզրահանգման, որ խաղաղությունն ու բանակցությունները միակ ճանապարհն են հակամարտությունը կարգավորելու համար:

«Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին` այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Իր եզրափակիչ խոսքում Վլադիմիր Պուտինը նկատեց, որ երկու առաջնորդներն էլ խոսեցին խաղաղությունը պահպանելու անհրաժեշտության մասին և նկատեց, որ պետք է դրսևորել համբերատարություն և իմաստունություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնվի:

«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և' ադրբեջանցի ժողովրդի, և' հայ ժողովրդի մոտ առկա է»,-ասաց Վլադիմիր Պուտինը:

Սոչիում եզրափակվեց եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հասկանալի է, որ ի սկզբանե մեծ էին ակնկալիքները այս հանդիպումից, սակայն մյուս կողմից հասկանալի է, որ մեկ հանդիպումով հնարավոր չէ բանակցային գործընթացը ամբողջությամբ տեղից շարժել: Սա կարող է նոր խթան հանդիսանալ բանակցային գործընթացին: Իսկ ամենագլխավոր հարցը. ի վերջո պայմանավորվե՞լ են արդյոք կողմերը զինադադարը պահպանելու մասին: Ամենապարզ առհավատչյան կլինեն սահմանային հաղորդագրությունները: Որքանով Ադրբեջանը հավատարիմ կմնա իր խոստմանը և կպահպանի զինադադարը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS