
Նրանք կոչ են արել վեհաժողովին հետաքննել ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիայի փաստերը, որոնց մասին հայտնի է դարձել Իտալիայում ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ քրեական գործի հարուցումից և «Եվրոպական կայունության նախաձեռնության» «Խավյարային դիվանագիտություն 2» զեկույցի հրապարակումից հետո:
Դիմումում հիշեցվում է, որ Միլանի դատախազությունը մեղադրել է Վոլոնտեին ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից ընդհանուր 2,39 միլիոն եվրոյի չափով կաշառք ստանալու համար:
Խնդրագրի հեղինակները կոչ են անում ԵԽԽՎ-ին անհապաղ վեհաժողովից հեռացնել այդ պատգամավորներին և նրանց նկատմամբ հետաքննություն սկսել: Հեղինակները կոչ են անում նաև ադրբեջանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:
Խնդրագիրը ստորագրել է ավելի քան 30 ակտիվիստ: Քաղաքացիական հասարակության ակտիվիստների ստորագրահավաքն իրականացրել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը: