X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվեն


* 20-07-2019, 16:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 291 անգամ


Գյումրու ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվենAysor.am: Գյումրիի Վարդանանց հրապարակում` Սբ. Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, շատերը, հավանաբար, նկատել են այս քաղաքին բնորոշ, հնաոճ երկու դուռ: Քաղաք այցելողներին դրանք հիմնականում գրավում են լուսանկարել-լուսանկարվելու տեսանկյունից, բայց, եթե «բախտներդ բերի», ինչպես եղավ, օրինակ, մեր դեպքում, ու այդ ընթացքում շենք մտնող-դուրս եկողները ձեզ ներս հրավիրեն, կհայտնվեք գյումրվա կոլորիտով ու տասնյակ ինքնաթիռների մոդելներով լցված մի տարածքում: Հենց այստեղ` շենքի երկրորդ հարկում է գործում Գյումրու ավիամոդելավորման խմբակը:

Խաչատուր Թադևոսյանը (հենց նա էր մեզ ներս հրավիրողը- հեղ.) խմբակի համահիմնադիրն ու ղեկավարն է: Մասնագիտությամբ թեթև արդյունաբերության ոլորտի ինժեներ է`ստանդարտացման մասնագետ: Բայց արդեն քանի տարի է՝ հետաքրքրվում ու զբաղվում է ավիամոդելավորմամբ:

«Սիրողական մակարդակով սկսել եմ զբաղվել 4-5 տարի առաջ: Հետո`2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ, թիմ էր հավաքվում, ինձ առաջարկեցին մտնել այդ թիմի մեջ` որպես պատրաստի մոդելներ ունեցող մարդ», - պատմում է Խաչատուրը:

Նա ընդգծում է` ինքնաթիռի մոդելը փոքր ինքնաթիռն է ու ունի նույն թռիչքային բնութագրերն, ինչ իրականը:

«Գյումրիի այդ թիմում մոտ 40-50 մարդ հավաքվեց: Հետագայում համարյա բոլորը ցրվեցին, որովհետև ունեին այլ աշխատանք, գործեր...Մնացինք երեքով: Հիմա հիմնական աշխատանքներով զբաղվում եմ ես», - պատմում է Խաչատուրը:

Նրա խոսքով` որոշ ժամանակ անց եղավ երեխաներին ավիամոդելավորման մեջ ներգրավելու միտքը:
«Ես անհրաժեշտ գույքն ունեի, իսկ այն բավականին թանկ է: Երբ սկսեցինք մոդելներ հավաքել, մտածեցինք, որ եթե մի 10 օգնող երեխա լիներ, գործն ահագին առաջ կգնար: Գյումրիում խորհրդային տարիներին 6 նման խմբակ եղել է, բայց դրանք ռադիոմոդելներով չէին զբաղվում: Այն ժամանակ ազատ թռչող մոդելների սպորտաձև կար: Դրանք ընդհանրապես չունեին էլեկտրոնիկա ու թռիչքի էին բաց թողնվում թելի միջոցով: Սկզում որոշեցինք խմբակ ընդունել 14-15 տարեկանից բարձր երեխաներին, բայց փորձը ցույց տվեց, որ 8 տարեկան երեխաներ կան, ովքեր 20 տարեկաններից ավելի վառ երևակայություն ունեն ու ավելի լավ են պատկերացնում գործի սկիզբն ու ավարտը: Հիմա տարիքային սահմանափակում, կարելի է ասել, չկա: Կարևորը գործը սիրելն ու աշխատելն է», - պատմում է Խաչատուրը:

Խմբակն այսօր գրեթե չունի արտաքին ֆինանսավորում ու գործում է, այսպես ասած, «էնտուզիազմի» հաշվին: Դետալների, անհրաժեշտ նյութերի 90 տոկոսը գնվում է Խաչատուրի անձնական, մյուս 10 տոկոսը` նրա ընկեր-հարազատների միջոցներով:

«Լինում է` ավիամոդելավորումով զբաղվող ծանոթ մարդիկ են աջակցում, իրենց ունեցած մասերից նվիրում: Հենց դրա շնորհիվ էլ հիմա հիմնական անհրաժեշտ բոլոր դետալներից բավականին շատ ունենք: Մնում է ընթացիկ գնել շինանյութը, իսկ այն, համեմատաբար էժան է», - պատմում է նա:

Տարածքը, որում գործում է խմբակը, տրամադրել է Շիրակի թեմի առաջնորդարանը:

«Մենք մի քանի անգամ առաջարկ ստացել ենք ինչ-որ կառույցների ներքո գործելու: Մի երկու կազմակերպություն էլ կար, ինձ առաջարկում էին, թե արի քեզ 70 հազար դրամ աշխատավարձ տանք ու դու խմբակը պահի: Ես էլ ասում եմ`ամիսը մոտ 100 հազար կծախսեմ, արի կեղնի՞ դուք ինձ աշխատավարձ մի տվեք, բայց էդ ծախսերը հոգացեք: Բայց, եթե իրենց մոտ աշխատես, դու պիտի ամեն առած սոսինձի համար մի հատ «չեկ» ցույց տաս: Ավելորդ թղթաբանություն է: Մի շարժիչ էլ, որ երեխայի մոտ գործի ընթացքում հանկարծ վառվեց, ես չեմ կարող իրեն ասել`գնա, էդ շարժիչից առ, դիր տեղը: Դրա համար ավելի լավ է իմ գրպանից վճարեմ», - ասում է Խաչատուրը:

«Կուզեք սուզանավ սարքեք` մենակ թե թռնի»

Խաչատուր Թադևոսյանի խոսքով` խմբակ ընդունվելու առաջին օրը երեխաների համար մի «ոսկե կանոն» կա.

«Պարտադիր այնպես ենք անում, որ հենց առաջին օրն ինքն իր ձեռքով մի թռչող բան սարքի` թեկուզ ամենապարզը: Հետո քիչ-քիչ բարդացնում ենք խնդիրը: Հիմա իմ բոլոր երխաներին հանգիստ կարող եմ գծագիր տալ ու ստանալ պատրաստի մոդել: Կարևորը նկատեմ, որ երեխային դա դուր է գալիս, աչքերի մեջ փայլ կա, ոչ թե խմբակ է գալիս, որովհետև պապան սամալյոտներ է սիրում», - ժպտալով ասում է Խաչատուրը:

Երբ հարցնում եմ խմբակի անվճար-վճարովի լինելու մասին, կիսվում է մի ֆենոմենով.

«Կհավատա՞ք, սկզբում, որ անվճար էր, հայտարարություն տվեցինք ու ոչ ոք չգրանցվեց: Հետո մեկ ամսվա համար վճար սահմանեցինք` 3000 դրամ, գրանցվողներ եղան, իսկ երբ վճարը դարձավ 5000 դրամ, նույնիսկ շատացան: Չգիտեմ՝ ինչու՞ է այդպես, բայց երբ մի բանն անվճար է, մարդիկ չեն վստահում, լուրջ չեն վերաբերվում ու ինձ հաճախ հարցնում են «լավ, բա քու քյարը ո՞րն է»: Հիմա այդ վճար ասվածը պայմանական է: Երեխան վճարում է միայն առաջին երկու ամիսների համար, իսկ հետո, երբ հասկանում ենք, որ մնում է, արդեն հիմնական մերն է, վճարը հանվում է: Սիմվոլիկ մի բան է ավելի շատ: Օրինակ` հիմա 14 երեխայից երկուսն է վարձ վճարում: Ինձ համար ավելի լավ է երեխան հավեսով գա, ես ավելի շատ օգուտ կունենամ, քան որ իրենից 3000 դրամ վերցնեմ` դրանից հեչ բան չի փոխվի մոտս», - ասում է Խաչատուրը:
Բացի գործնականից, խմբակում անցկացվում են նաև տեսական դասեր:

«Եթե գործնական դասերը 4 ժամ են տևում, ապա դրանից բացի տանը երախան 14 ժամ էլ պիտի տեսական կարդա: Եթե չի կարդալու,հաստատ բան չի ստացվի: Իմ մյուս օգնականը գիտությունների թեկնածու է, ֆիզիկոս: Ինքը երեխաներին սովորեցնում է աերոդինամիկա ու կարող եմ ասել, որ այդ երեխայի մոտ աերոդինամիկայի մասին գիտելիքներն ավելի խորն են, քան նույնիսկ որոշ համալսարաններում, որովհետև այդ ամեն ինչն ինքն ամեն օր պրակտիկ փորձում է՝ միայն լսելով չէ: Մեր երեխաներն, ասենք, NASA-ի կայքը բացում են, տեսնում հազար տարբերակ թևի տրամատ կա, նայում են` էս տեսակ մոդելի համար ո՞ր թևն է նախընտրելի, ի՞նչ տիպի մոդելներ կան, ի՞նչ պետք է անել, որ մոդելը արագ թռչի կամ երկար թռչի: Այսինքն, իրենք նոր ինքնաթիռ են նախագծում, ոչ թե մի տեղից «թխում են» գծագիրը», - ասում է Խաչատուրն ու ընդգծում` երեխաների միտքն ու երևակայությունը նախագծման հարցում լիովին ազատ են.

«Ես իրենց միշտ ասում եմ` կուզեք սուզանավ սարքեք, ուղղակի պատրաստ եղեք գնալ մինչև վերջ ու այնպես անել, որ թռչի»:
Խաչատուրի խոսքով` մոդելներն, ի տարբերություն դրոնների, հագեցած չեն ավտոմատ կառավարման համակարգով.«Այսինքն, դու իրեն աջ ուղղեցիր, այնքան աջ կգնա, մինչև ձախ չտանես. մոդելները կառավարվում են անմիջական: Իսկ դրոններն ունեն ավտոմատ կառավարման համակարգ: Սկզբնական շրջանում մենք աշխատում ենք մեխանիկայով, որ երեխան հատկությունները հասկանա: Իսկ հետո մոդելի վրա ավտոպիլոտը դնում ես, դառնում է դրոն, դա մի պլատայի հարց է: Այսօր մենք կարող ենք անօդաչուների օպերատորներ պատրաստել: Հիմա նախագիծ ունենք, ավագ տարիքի երեխաներից պատրաստել դրոնների 10 օպերատորների, որոնք կկարողանան մարտական խնդիր կատարել ու պատրաստի` որպես փաթեթ` օպերատորներով ու դրոններով ներկայացնենք ՊՆ: Տեսնենք` ինչպես կստացվի»:

«Սամալյոտը կուգար վրես` բռնեցի»

Ավիամոդելավորման խմբակում անպակաս է նաև գյումրվա հումորը: Խաչատուրը հիշում է վերջերս եղած մի դեպք.

«Ընկերոջս մի բան էի ցույց տալիս, անսպասելի շարժիչն աշխատեց, ձեռքս ահագին լուրջ կտրեցի: Ընդհանրապես մեզ մոտ ամենաշատ գումարը ծախսում ենք «սանտավիկի» վրա», - ծիծաղում է ու շարունակում.
«Էդպես բժիշկը 12-13 կար դրեց ու, քանի որ դեպքն աշխատանքի վայրում էր եղել, պետք է տեղեկացներ ոստիկանությանը: Ոստիկանությունում էլ հարցնում են` «ի՞նչ է եղել», ասում եմ` «հեչ բան, սամալյոտը վրես կուգար` բռնեցի», չեն հավատում, ասում են` «ի՞նչղ թե, դեպքն աերապո՞րտն է տեղի ունեցել», կսեմ` «չէ, խմբակում»: Դե գործը փակվեց, հետո մեր ոստիկանապետը կանչեց մոտը, թե արի ծանոթանանք: Գնացի ասում է` «հա լավ, ձեր նպատակը ո՞րն է, ինչի՞ համար կենեք»: Կսեմ` «դե շատ հեռահար է մեր նպատակը»: Կսե` «օրինա՞կ», կսեմ` «դե օրինակ` կուզենք Նախիջևանը վերցնենք» », - ծիծաղում է Խաչատուրը:

«Fly Fest Գյումրի-2019»

Հուլիսի 21-ին արդեն երրորդ անգամ Գյումրու ավիամոդելավորման խմբակի նախաձեռնությամբ անցկացվելու է «Fly Fest Գյումրի-2019» ավիամոդելների ցուցադրական համապետական փառատոնը:

Այն տեղի կունենա ժամը 11:00-14:00-ն` Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ (քաղաքի Մուշ-2 և 8-րդ թաղամասերի հարևանությամբ) գտնվող դաշտային տարածքում:
«Այդ միջոցառմանը փորձում ենք հավաքել Հայաստանից բոլոր ավիամոդելավորողներին: Նախորդ տարիների փորձով` մոտ 400-500 մարդ է հավաքվում: Մասնակցությունն ու այցելությունը ֆեսթին անվճար է, այնպես որ` սպասում ենք բոլոր ցանկացողներին», - ասում է Խաչատուր Թադևոսյանն ու կատակելով ավելացնում.



«Բայց դե եկող տարվանից երևի վճարովի դարձնենք, թե չէ կսկսեն մեզ լուրջ չընդունել»:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS