X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը


* 11-04-2019, 18:19 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 174 անգամ


Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:

Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկայության և «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության համար, որի հանդիսավոր բացումն անելու պատիվն ունենք այսօր՝ Ժողովրդավարության և Մարդու իրավունքների տուն խորհրդանշական անունը կրող այս վայրում։

Ուղիղ մեկ տարի է, որ ես՝ որպես ընդդիմադիր խորհրդարանական, նախաձեռնեցի այս ժողովրդական շարժումը՝ լսելի դարձնելու ժողովրդի ձայնը, որ ոտքի էր կանգնել ասելու՝ ՈՉ բռնապետությանն ու անարդարությանը։
Ես ուժ էի ստանում հայրենակիցներիս համերաշխությունից և անկոտրում ոգուց։

Ես սկսեցի այդ երթը, որն անվանեցի «Իմ քայլը», Հայաստանի հյուսիսում գտնվող և մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երևան ընդամենը մի քանի համակիրների ուղեկցությամբ։

Անցնելով մի քաղաքից մյուսը՝ մենք շուտով դարձանք հարյուր, ապա և հարյուր հազարներ։ Մեր քայլերթը գնալով բազմապատկում էր իր ծավալները։ Շատ արագ այն ընդգրկեց ողջ երկիրը։

Տղամարդիկ, կանայք և հատկապես երիտասարդները՝ ավագ դասարանների աշակերտները և ուսանողները, որ քայլում էին մեզ հետ, դարձան այդ խաղաղ քաղաքացիական ընդվզման շարժիչ ուժը։ Ես ուզում եմ, մասնավորապես, գնահատանքի արժանացնել երիտասարդ կանանց խիզախումը, ովքեր մեզ միացան մանկասայլակներով և նորածին երեխաներով։

Նրանց խանդավառությունը, անարդարության բացարձակ մերժումն ինձ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իմ քայլերթը ճիշտ էր։ Համազգային այդ համախմբումը դարձավ ոգեշնչման մի իսկական աղբյուր՝ գնալու մինչև վերջ այն համոզմունքով, որ Հաղթանակը մերն է լինելու։

Եվ ժողովրդի կամքն իրականություն դարձավ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Ծնվեց Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որը մենք անվանեցինք Սիրո և Համերաշխության հեղափոխություն։

Վստահ եմ՝ ձեզնից շատերը հետևել են մեր հեղափոխության տարբեր փուլերին միջազգային լրատվամիջոցների լայն լուսաբանման շնորհիվ։ Նաև համոզված եմ, որ այստեղ ցուցադրված կադրերը լավագույնս են փոխանցում մեզ համար բացառիկ կարևորությամբ այդ իրադարձության ոգին և աննկարագրելի հույզերը։

Տիկնայք և պարոնայք,

Ինչպես ես նշեցի Վեհաժողովում քիչ առաջ ունեցած իմ ելույթում, մեզ համար մեծ հպարտություն և պատիվ է՝ ունենալ այս առիթը նշելու մեր Թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը Եվրոպայի խորհրդում և վերահաստատել մեր հանձնառությունը այս կառույցի սկզբունքներին ու հիմնարար արժեքներին։

Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների և ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարևորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Շնորհակալ եմ ձեզ մեր կողքին լինելու համար և հրավիրում եմ ծանոթանալու ցուցահանդեսին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ելույթներով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ցուցահանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության պաշտոնյաներ, այդ թվում` հայազգի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսով շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին պատմել է լուսանկարների միջոցով ներկայացված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին:

ՀՀ վարչապետը մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահի անունից Խորհրդարանական վեհաժողովի 2019թ. հերթական նստաշրջանի երկրորդ մասի կապակցությամբ տրված ճաշին: Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԽ բակում, որին հաջորդել է արարողակարգային լուսանկարահանումը մուտքի հարակից մասում տեղադրված խաչքարի մոտ:

Հաջորդիվ Հայաստանի վարչապետն այցելել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, Ստրասբուրգի քաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրիի և Հայր Բերնարդ Խիբաուտի ուղեկցությամբ շրջել տաճարում, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը:* * *

Եվրոպայի պալատում կազմակերպված «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակն է նշանավորել Հայաստանի թավշյա հեղափոխության մեկամյակը: Այն ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժման տարբեր փուլերը, որոնք Հայաստանում հանգեցրին արմատական քաղաքական փոփոխությունների և ժողովրդավարական զարգացումների: Ցուցահանդեսը ներառում է 40 լուսանկար, որոնց միջոցով ժամանակագրական հերթականությամբ ներկայացվում են թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Լուսանկարների հեղինակներն են ՀՀ վարչապետի անձնական լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչներ Գևորգ Պերկուպերկյանը, Մխիթար Խաչատրյանը, Տաթև Դուրյանը, «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչներ Հայկ և Վահրամ Բաղդասարյանները, լուսանկարիչեր Անի Գևորգյանը և Հրանտ Խաչատրյանը:

«Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի պալատում բաց կլինի 2019թ. ապրիլի 8-12-ը: Կազմակերպիչներն են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

Ցուցահանդեսի շրջանակում, բացի լուսանկարներից, ներկայացված է նաև «Թավշյա հեղափոխություն» թեմայով պատրաստված կոմիքս գրքի առաջին մասի անգլալեզու տարբերակը: Այն նախաձեռնել է հայկական կոմիքսների ստեղծմամբ զբաղվող «Մայրո» թիմը՝ սեփական ֆինանսական միջոցներով: Գիրքը բաղկացած է 5 մասից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ըստ ժամանակագրական հերթականության: Առաջին մասը ներկայացնում է շարժման, քայլարշավի, բողոքի ցույցերի, ակցիաների և երթերի նախապատրաստումը, ընթացքն ու զարգացումը:

Հեղինակների խոսքով՝ «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքի ստեղծման գաղափարը ծնվել է հեղափոխության հաղթանակից հետո և պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է առանց բռնության՝ թե՛ իշխանության, թե՛ ցուցարարների կողմից հասնել խաղաղ փոփոխությունների: Գրքում տեղ գտած նկարագրությունները ներկայացնում են իրադարձություններն առանց հեղինակային միջամտությունների: Դրվագների համար հիմք են հանդիսացել հեռարձակվող ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները: Այն հայկական առաջին կոմերցիոն և անկախ կոմիքս գիրքն է: Գրքի առաջին մասի շնորհանդեսը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակով, տեղի կունենա ապրիլի 12-ին Երևանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS