X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարբած վիճակում քարշ տալով «սպանել» է ընկերոջը


* 30-08-2013, 15:22 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1742 անգամ


Հարբած վիճակում քարշ տալով «սպանել» է ընկերոջը
1in.am: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Ալվինա Հարությունյանի գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի հունվարի 26-ի երեկոյան 22-ամյա Ալվինա Հարությունյանը Երևանի «Բելաջիո» ռեստորանում մասնակցել է մոր ընկերուհու ծննդյան տոնակատարությանը: Մի քանի բաժակ օղի է խմել:

Ռեստորանում գտնվելու ժամանակ նրան զանգահարել է ընկերը՝ Նարեկը, առաջարկել է հանդիպել:

Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ալվինան հանդիպել է Նարեկին ու նստել նրա վարած «Համեր» մակնիշի մեքենան:

Նարեկը մեքենան վարել է Աբովյան քաղաք տանող ճանապարհով: Նա արագ է ընթացել, բարկացել ու վիճաբանել է Ալվինայի հետ, որ առանց իրեն տեղեկացնելու «Բելաջիո» է գնացել:

Ալվինան խնդրել է կանգնեցնել մեքենան: Նարեկը չի կանգնել:

Ալվինան ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը: Նարեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի կամրջի մոտ կանգնեցրել է մեքենան, լույսերը թողել է միացված, շարժիչը՝ գործարկված վիճակում:

Ալվինան իջել է մեքենայից: Նարեկն էլ է իջել, մոտեցել է Ալվինային, փորձել է նրան նստեցնել մեքենա:

Ալվինան նստել է մեքենայի ղեկին, ընդհանուր փականով փակել մեքենայի դռները: Նարեկը չի կարողացել դուռը բացել ու մեքենա նստել: Նա գնացել է դեպի մեքենայի աջ կողմը, կանգնել ոտնահարթակի վրա ու կառչել մեքենայի տանիքից:

Ալվինան, Նարեկից փախչելու համար, մեքենայի փոխանցման տուփը դրել է «ընթացք» դիրքում, մեքենան վարել ու Երևան-Սևան ավտոճանապարհին, ընթանալով Սևան տանող ուղեմասով, խախտել է ՃԵԿ պահանջները՝ առանց վարորդական վկայականի, ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարել է տվյալ պայմանների համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող՝ մոտ 100-120 կմ/ժ արագությամբ, հաշվի չի առել ճանապարհային ու օդերևութաբանական պայմանները՝ ճանապարհի ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը, ինչի հետևանքով մեքենայից բռնված Նարեկը վայր է ընկել ճանապարհի ծածկույթին, ստացել կրծքավանդակի փակ, բութ վնասվածք և առաջացած հեմոռագիկ շոկից մահացել է:

Նարեկը՝ կասկադյոր, իսկ Ալվինան «կինոյի աղջիկը» չէր, կատարվողն էլ ոչ թե կինոնկարահանում, ոչ թե ուրախ արկած, այլ իրականություն էր՝ ձմեռային ճանապարհի բոլոր բարդություններով ու արագընթաց մեքենայից կառչած երիտասարդին սպառնացող իրական վտանգներով...

ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով Ալվինա Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Նարեկի հետ ծանոթացել է չորս տարի առաջ: Իրենց հարաբերությունները եղել են շատ լավ, իրենք սիրել են միմյանց:

Նարեկի մայրը դեմ է եղել իրենց հարաբերություններին: Նա զանգահարել է իր մորն ու ասել իր վերաբերմունքի մասին: Իր մայրն արգելել է ընկերություն անել Նարեկի հետ: Բայց ինքն առանց Նարեկի ապրել չի կարողացել, հավաքել է շորերը, փախել տնից ու ապրել Նարեկի հետ:

Բավական ժամանակ ապրել են երկուսով: Ինքն զգացել է, որ երբ Նարեկը ծնողների տուն է գնում ու վերադառնում, վերաբերմունքը փոխում է իր հանդեպ, դառնում է սառը:

Որոշ ժամանակ անց Նարեկը մեկնել է Ռուսաստան, ապա զանգել ու ասել է, թե կարոտել է, կանչել է մոտը: Ինքը մեկնել է, մեկուկես ամիս մնացել ու հասկացել է, որ Նարեկի հանդեպ այլևս զգացմունքներ չունի: Խնդրել է, որ նա իրեն ուղարկի Հայաստան:

Վերադառնալով Հայաստան՝ սկսել է քիչ շփվել Նարեկի հետ, հազվադեպ են զանգել իրար:

2011 թվականի դեկտեմբերին Հայաստան է եկել նաև Նարեկը: Նա հենց առաջին օրն այցելել է իրեն: Խոսել ու հասկացել են, որ նախկին հարաբերությունները վերականգնել հնարավոր չէ, որոշել են այլևս կապ չունենալ իրար հետ:

Ամանորին Նարեկը եկել է իրենց տուն, միասին նշել են Նոր տարին, խոսել ու որոշել են շարունակել ընկերությունը: Որոշ ժամանակ ամեն բան նորմալ է եղել, բայց դեպքից երկու-երեք օր առաջ նորից վիճել են:

«Բելաջիո» ռեստորանից ինքը ցանկացել է տաքսիով տուն գնալ, բայց Նարեկը մեքենայով հետապնդել է, իրեն ուժով նստեցրել «Համերը»:

Մեքենան վարել է դեպի Աբովյան քաղաք: Անընդհատ վիճաբանել է իր հետ, սկսել է ծեծել: Ընթացքի ժամանակ ինքը խնդրել է կանգնեցնել մեքենան, բաց թողնել իրեն, բայց Նարեկը շարունակել է առաջ ընթանալ ու միաժամանակ հարվածներ հասցնել իրեն:

Ուրիշ ելք չունենալով՝ ինքն ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը՝ ցանկանալով դուրս նետվել: Նարեկը կանգնեցրել է մեքենան: Ինքը իջել է, բայց Նարեկն իր մազերից բռնած՝ նորից նստեցրել է առջևի աջ նստատեղին: Երբ նա փակել է դուռը, դռների փականներն ինքնուրույն փակվել են:

Նարեկը, գալով վարորդի դռան կողմը, չի կարողացել նստել: Պտտվել ու նորից եկել է աջ դռան մոտ:

Վախենալով, որ Նարեկը կծեծի իրեն, նրանից փախչելու նպատակով ինքը ուղևորի նստատեղից տեղափոխվել է վարորդի տեղը և ընթացել է առաջ:

Չի հիշում, թե ինչ արագությամբ է ընթացել, որքան տարածություն է անցել: Հետևից ընթացող մեքենայի լուսային ազդանշաններից է հասկացել, որ կանգնեցնում են իրեն:

Կանգնել է, մեքենայից իջել ու տեսել, որ ճամփեզրին մարդիկ են հավաքվել: Մի քիչ առաջացել ու տեսել է, որ Նարեկն ընկած է: Խնդրել է, որ նրան տեղափոխեն հիվանդանոց:

Մի տաքսիով տեղափոխել են հիվանդանոց, որոշ ժամանակ անց Նարեկը մահացել է:

Ամբաստանյալը դատարանում նշել է, թե սիրել է Նարեկին, չէր կարող ցանկանալ, որ մահ կամ որևէ վնաս պատճառի նրան:

Նա պնդել է, թե չի իմացել, որ Նարեկը կանգնած է մեքենայի աջ ոտնահարթակին, հակառակ դեպքում մեքենան կկանգնեցներ: Ամբաստանյալը հայտնել է, թե Նարեկին հիվանդանոց տանելու ճանապարհին վկա Էդվարդին չի ասել, որ մեքենայից կախված Նարեկը բղավել է՝ «մեռա, ես մեռա...», ու ինքը, մեքենան վարելով, լսել է այդ գոռոցը:

Դատարանն ամբաստանյալի ցուցմունքը գնահատել է ոչ արժանահավատ:

Վկա Էդվարդը ներկայացրել է, որ դեպքի օրը իր մեքենայով միայնակ ընթացել է Կոտայքի մարզի Վերին Պտղնիի հատվածով:

«Մուշ» ռեստորանի մոտ իրեն վազանց է կատարել «Համեր» մակնիշի մեքենան: Ինքը նկատել է, որ այդ մեքենայի դրսային հատվածի աջ ոտնակի վրա անշարժ կանգնած է մի տղամարդ՝ ձեռքերով մեքենայի տանիքից բռնած:

Ինքը լուսային ու ձայնային ազդանշաններով փորձել է զգուշացնել «Համերի» վարորդին, որ կանգ առնի: Նկատել է, որ մեքենայի ոտնակին կանգնած տղամարդու դեմքին ձյուն է լցվել, նա չի կարողացել այլևս պահել իրեն, բաց է թողել ձեռքերը, ընկել գետնին ու մոտ 10-15 մետր գլորվել առաջ:

Ինքն անմիջապես կանգնեցրել է մեքենան, վազքով մոտեցել ընկած տղային: Նկատել է, որ «Համերը» կանգնել է, վարորդի նստատեղից իջել է մի աղջիկ, սկզբում անորոշ ու դանդաղ, հետո վազելով մոտեցել է իրենց, միասին ընկած տղային տեղափոխել են իր մեքենայի մեջ ու տարել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Ճանապարհին աղջիկն անընդհատ բղավել է «Նարեկ, Նարեկ»: Նարեկը ամբողջ ընթացքում գոռացել է. «Ցավում ա, ցավում ա»: Աղջիկն ասել է, որ նկատել է մեքենային դրսից կպած Նարեկին, լսել է նրա գոռոցը, բայց չի կանգնել... վախից:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Ալվինա Հարությունյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման ու 2 տարով զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու օրից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (442)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS