Այս օրերին լրանում է Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարին:
Դեպքերի ականատես Կարինե Մեժլումյանն այսօր լրագրողներին պատմել է իր հիշողությունները այդ օրերից:
«Փետրվարի 27-ի երեկոյան ես փոքր քրոջս հետ գտնվում էի կինոթատրոնում, երբ ֆիլմի դիտումը կանգնեցրեցին և պահանջեցին, որ եթե հայեր կան այդտեղ, դուրս գան դեպի բեմ: Ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ չկորցրեցինք մեզ և ոտքի չելանք: Ադրբեջանցիները գոռում էին, թե պետք է սպանել, կտրել, թալանել: Ինչ-որ կերպ մենք հասանք տուն, և պատմեցի այդ ամենը մորս, և նա ասաց, որ վաղը մենք այլևս չենք լինի, մեզ կկոտորեն: Մայրս, ցավոք, ճիշտ էր: Որոշ ժամանակ անց մեր դռան առջև հավաքվել էին հազարավոր ադրբեջանցիներ: Ես ընտանիքի բոլոր անդամներին թաքցրեցի անկողինների տակ, և դուրս եկա, այսպես ասած, բանակցությունների: Նրանք ինձ ասացին, որ տալիս են ժամանակ Սումգայիթից հեռանալու համար...»:
Մեկ այլ ականատես Ռայա Թովմասյանը հիշեց, որ փետրվարի 28-ին իրենց ընտանիքը տանն էր, երբ հարևաններից տեղեկացան, որ քաղաքում ինչ-որ բան է կատարվում. «Զավակներիս հետ գնացի հարևան ադրբեջանցու տուն` զանգ կատարելու համար: Նա ասաց, թե Կապանում հայերը ադրբեջանցի երեխայի են բռնությունների ենթարկել: Ես ասացի, որ նման բան անհնար է: Մեր խոսակցությունից հետո տեսա, որ ադրբեջանցիների մի բանդա մտավ շենք: Նրանք սկսեցին փնտրել հայերի, սակայն իմ հարևանը մեզ թաքցրեց իր մոտ: Այդտեղից ես զանգ կատարեցի ոստիկանություն,սակայն ինձ ասացին,որ չեն արող մեքենա ուղարկել, քանի որ դրանք կշրջեն,և իբր մի քանի ժամից քաղաք պետք է զորք մտնի: Ես իմ երեխաների հետ այնտեղ անցկացրեցի այդ օրը,քանի որ անհնար էր այլ`ավելի անվտանգ տեղ տեղափոխվել»:
HayNews.am